ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը քաղաքացի Վարդան Ենոքյանին (բնակվում է Մասիսի շրջանի Նորաբաց գյուղում) ուղղակի վաճառքի ձեւով կվաճառի 53 հատ հնամաշ մեքենա: Վաճառքի թույլտվության հարցը ներառվել է ՀՀ կառավարության նոյեմբերի 22-ի նիստի օրակարգում:
Մեքենաները կոնցեսիոն պայմանագրով օգտագործվել են «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության կողմից: Սակայն ընկերությունը խնդրել է կառավարությանը՝ ետ վերցնել դրանք (որպես ոչ պիտանի գույք)։
Բոլոր 53 մեքենաների ընդհանուր արժեքը կառավարությունը գնահատել է 3,5 մլն դրամ (յուրաքանչյուր մեքենայի միջին արժեքը՝ մոտ 65 հազ. դրամ): Սակայն կան մեքենաներ, որ գնահատված են նույնիսկ 15 հազ. դրամ (օրինակ՝ 1993 թ. արտադրության Հոնդայի Պոնի կամ նույն թվականի արտադրության ԳԱԶ - 31029): Ընդհանրապես՝ մեքենաների մեծամասնությունը գնահատված է 15-35 հազ. դրամի սահմաններում, իսկ ամենաթանկը գնահատվել է ԴՏ-75 տրակտորը՝ 310 հազ. դրամ:
Մեքենաների մաշվածությունը գնահատվել է 70%-ից ավելի:




























