ԱՄՆ-ն ու Ռուսաստանը լավ կապեր ունեն Երեւանի եւ Բաքվի հետ, նրանք կարող են օգնել նվազեցնել լարվածությունը եւ համոզել կողմերին, որ միայն բանակցությունների ճանապարհով կարելի է լուծել հակամարտությունը: Այս մասին Turan-ին տված հարցազրույցում նշել է Ռուսաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Բեյրլին:
Նրա խոսքով, Մոսկվայում աշխատանքի ընթացքում ինքը շատ հաճախ շփվել է Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Գեորգի Կարասինի հետ եւ իրենք հաճախ խոսել են Լեռնային Ղարաբաղի մասին: «Գրեթե բոլոր դեպքերում մեր ռազմավարական նպատակները նույնական են եղել. Մենք ցանկանում էինք վերջ դնել բռնությանը եւ խնդրի կարգավորման նպատակով բանակցություններ վարել: Մենք շատ անհանգստացած էինք ռազմական գործողությունների բռնկումներով, սահմանին փոխհրաձգություններով եւ մարդկային կորուստներով»,-ասել է նախկին դեսպանը:
Խոսելով Կովկասում «օնլայն» շարժումների հեռանկարների մասին, դիվանագետը նշել է, որ համացանցը մարդկանց հնարավորություն է տալիս լայն սպեկտրի տեղեկատվություն ստանալ եւ այստեղ ռուսների կամ ադրբեջանցիների, կամ ամերիկացիների ու չինացիների պահանջմունքների տարբերությունները մեծ չեն:
«Դա պատուհան է դեպի աշխարհ, որը գոյություն չուներ 10 տարի առաջ: Այն օգնում է մարդկանց՝ հասկանալ տեղի ունեցողը, միավորում է մարդկանց ու երկրների: Սակայն կան նաեւ կարծրատիպեր, որոնք ցավոք, պահպանվել են դեռեւս սառը պատերազմի ժամանակներից եւ դրանք այդ գործընթացները փորձում են արգելակել»,-ընդգծել է ամերիկացի դիվանագետը:





























