Արաբական երկրների լիգայի պատվիրակությունը՝ կազմակերպության գլխավոր քարտուղար Նաբիլ ալ-Արաբիի գլխավորությամբ, ժամանել է Գազայի հատված: «Համերաշխության այց» կատարող պատվիրակության կազմում են Լիբանանի, Իրաքի, Եգիպտոսի, Սուդանի, Մարոկկոյի, Հորդանանի եւ Քուվեյթի ԱԳ նախարարները: Նրանց հետ միասին Գազա է ժամանել նաեւ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն, նաեւ Արաբական երկրների լիգայում չընդգրկված երկրների ներկայացուցիչներ:
Եգիպտական «Ան Նիլ» հեռուստաալիքը հայտնել է, որ նախարարները պաղեստինյան անկլավ են ժամանել Եգիպտոսի եւ Գազայի սահմանին գտնվող Ռաֆահ սահմանային կետով: Նախարարներն իրենց այցելության ընթացքում կլինեն հիվանդանոցներում, որտեղ գտնվում են Իսրայելի հրթիռակոծություններից տուժածները, ինչպես նաեւ հանդիպումներ կունենան անկլավի ղեկավարության հետ, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 14-ին, Իսրայելն «Ամպամած սյուն» անվանումը կրող ռազմական գործողություն է սկսել Գազայի հատվածում, որի նպատակը պաղեստինցի գրոհայինների ոչնչացումն է: Այսօր՝ նոյեմբերի 19-ին, իսրայելի իշխանությունները Գազայի հատվածում իշխող ՀԱՄԱՍ խմբավորմանը 36-ժամյա վերջնագիր են ներկայացրել, որից հետո նրանք կընդլայնեն ռազմական գործողությունը, եթե Գազայի հատվածից չդադարեցնեն Իսրայելի հրթիռակոծությունը: Լրատվամիջոցների փոխանցմամբ, իսրայելական հրթիռակոծության հետեւանքով արդեն զոհվել է շուրջ 100 պաղեստինցի: Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսին այսօր՝ նոյեմբերի 20-ին, հայտարարել է, որ Իսրայելի ռազմական գործողությունը Գազայի հատվածում արդեն այսօր կավարտվի:





























