Լեհաստանի հատուկ ծառայությունները կապ են հայտնաբերել երկրի խորհրդարանի շենքում ահաբեկչության նախապատրաստման մեջ կասկածվող տղամարդու եւ նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկի միջեւ:
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը մամուլի ասուլիսում հայտնել է, որ կալանավորվածը չի թաքցրել Բրեյվիկի նկատմամբ ունեցած իր հիացմունքը: Վարչապետի խոսքով, կասկածյալին հայտնաբերելու հարցում իրենց օգնել է Լեհաստանում Բրեյվիկի ունեցած կապերի հետաքննությունը, ով համացանցի միջոցով Լեհաստանում պայթուցիկ սարքերի մասեր է պատվիրել, հաղորդում է RBK-ն:
Հիշեցնենք, որ Լեհաստանում ձերբակալված տղամարդը մեղադրվում է երկրի խորհրդարանի վրա հարձակման նախապատրաստության մեջ: Նա Կրակովի գյուղատնտեսական համալսարանի 45-ամյա աշխատակից է: Նրա տան խուզարկության ժամանակ հայտնաբերվել են, մասնավորապես, տրոտիլ, պայթուցիկներ, զենք եւ ամունացիա:
Սկզբում նա հրաժարվում էր ընդունել իր մեղքը, սակայն դատարանում փոխել է իր կարծիքը եւ սկսել է ցուցմունքներ տալ:





























