Ուկրաինայում ավարտվել է «Ադրբեջանցիների կոնգրեսի» Դոնեցկի մասնաճյուղի ղեկավար, 35-ամյա Իգբալ Մահմուդովի սպանության հետաքննությունը: Նա սպանվել էր այս տարվա մայիսի 9-ին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերանների հետ հանդիպումից առաջ: Մահմուդովը մահացել էր հրազենային 5 վնասվածքներից, հիվանդանոցի վիրահատարանի սեղանին, որտեղ նրան հասցրել էին տեղափոխել ընկերները:
Դատարանի առաջ կկանգնի 4 մարդ, որոնք մեղադրվում են այդ հանցագործության կազմակերպման մեջ: Մինչդատական քննությամբ պարզվել է, որ սպանությունը կատարվել է հանցավոր խմբի նախնական հմաձայնությամբ, որի պատճառը Մահմուդովի հասարակական գործունեությունն է:
Ներկայումս դատախազությունը հաստատել է մեղադրական եզրակացությունը, հայտնել է Դոնեցկի մարզի դատախազի մամուլի քարտուղար Յանա Սոբոլեւսկայան, հաղորդում է Analitika.at.ua-ն:
Ոչ պաշտոնական տեղեկատվությամբ, նման հրապարակային պատվերով սպանության պատճառը բիզնես վարելու վերաբերյալ Իգբալ Մահմուդովի սկզբունքային դիրքորոշումն է եղել: Ադրբեջանական համայնքի ներկայացուցիչներից մեկը, ով հասարակական կազմակերպության անդամ չէ, համաձայն չէր թափանցիկ բիզնես վարելու Մահմուդովի ակտիվ դիրքորոշման հետ: Հենց դա է եղել պատճառը, որ ադրբեջանական սփյուռքի ազդեցիկ ներկայացուցիչները որոշել են հեռացնել նրան ուժային մեթոդով:





























