Ներկայումս իրականացվում է Հայաստանի Հանրապետության կապի եւ հեռուստահեռարձակման արբանյակի տեղակայման ուղեծրային դիրքի հաճախականությունների ռեսուրսի ընդլայնման հնարավորությունների ուսումնասիրությունը:
Տրանսպորտի եւ կապի նախարարության լրտատվական ծառայությունից հայտնում են, որ այս մասին, այսօր՝ նոյեմբերի 20-ին, նախարարության հրավերով Հայաստանում գտնվող «MDA տեղեկատվական համակարգեր» ընկերության նախագահ Մագ Իսքանդերի հանդիպման ժամանակ հայտնել է գերատեսչության ղեկավար Գագիկ Բեգլարյանը:
Նախարարը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության տիեզերական ծրագիրը, նշել, որ մեր երկիրն արդեն իսկ Հեռահաղորդակցության միջազգային միության է ներկայացրել ուղեծրային դիրքի Հայաստանի կողմից ամրագրման դիմումային փաստաթղթերը:
«MDA տեղեկատվական համակարգեր» ընկերության նախագահ Մագ Իսքանդերը իր շահագրգռվածությունն է հայտնել Հայաստանի տիեզերական ծրագրում բազմակողմանի մասնակցություն ցուցաբերելու հարցում: Մասնավորապես նշվել է, որ ընկերությունը կարող է մասնակցություն ցուցաբերել ծրագրի բոլոր փուլերում, այդ թվում նաեւ հնարավոր ֆինանսավորման լուծումներ գտնելու հարցում:
Գագիկ Բեգլարյանը եւ Մագ Իսքանդերը պայմանավորվել են շարունակել հետագա համագործակցության զարգացման աշխատանքները եւ մոտ ապագայում կազմակերպել մասնագետների հանդիպում` ՀՀ տիեզերական ծրագրի իրականացման գործնական քայլեր մշակելու համար: Մագ Իսքանդերը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, եւ նախարարին պատասխան այցով հրավիրել Կանադա:
Նշենք, որ MDA տեղեկատվական համակարգեր» ընկերությունը հանդիսանում է տեղեկատվական համակարգերի, այդ թվում նաեւ տիեզերական արբանյակների բարձր որակավորում ունեցող կազմակերպություն, որն առաջարկում է առաջատար լուծումներ տեղեկատվական արտադրության ոլորտում:





























