Ռուսաստանի Նովոռոսիյսկի նավահանգստում խարսխված բեռնատար նավի ապրանքների մաքսազերծման ժամանակ Ռուսաստանի գյուղատնտեսական վերահսկիչ ծառայության կողմից հայտնաբերվել է մանդարինի խմբաքանակ, որը վարակված է եղել միջերկրածովյան ճանճով:
Ինչպես տեղեկացնում է թուրքական Milliyet-ը, Ռուսաստանի գյուղատնտեսական վերահսկիչ ծառայության խոսնակ Ալեքսեյ Ալեքսեյենկոն հայտարարել է, թե իրենց ծառայությունը ստուգել է Թուրքիայից բերված 26,5 տոննա մանդարինի խմբաքանակը եւ լուրջ խնդիր հայտնաբերել:
«Թեեւ մանդարինի խմբաքանակն ուներ փաստաթուղթ, որ այն ստուգված է, սակայն լաբորատոր ուսումնասիրության ժամանակ հայտնաբերվել է, որ մանդարինը կրում է վտանգավոր վիրուս։ Այդ պատճառով որոշում ենք կայացրել՝ հետ ուղարկել 26,5 տոննա մանդարինը»,-նշել է Ալեքսեյ Ալեքսեյենկոն՝ հիշեցնելով, թե այս տարվա ընթացքում հայտնաբերվել է նմանատիպ վիրուսով 400 տոննա մանդարին:





























