Հանդիպումները ԲՀԿ տարածքային կառույցներում ցույց տվեցին, որ կուսակցության ակտիվ անդամները գտնում են, որ ԲՀԿ-ն նախագահական ընտրություններին պետք է մասնակցի սեփական թեկնածուով եւ այդ թեկնածուն պետք է լինի Գագիկ Ծառուկյանը: Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Հայաստանի նախկին արտգործնախարար, «Բարգավաճ Հայաստան»  խորհրդարանական խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը:

Նա գրել է, որ այս երկու շաբաթվա ընթացքում երկու զուգահեռ գործընթացներ են տեղի ունեցել: «Առաջինը` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդակցություններն էին քաղաքական ուժերի հետ համակարգային փոփոխությունների նպատակով ընդհանուր օրակարգ ձեւավորելու շուրջ: Մյուսը՝ ԲՀԿ քաղաքական թիմի անդամների հանդիպումներն էին մարզերում եւ Երեւանում տարածքային կառույցների անդամների հետ, որոնց նպատակն էր քննարկել եւ նրանց տեսակետներն իմանալ ԲՀԿ-ի՝ նախագահական ընտրություններին մասնակցելու մասին»,- գրել է նա:

Ինչ վերաբերում է առաջինին, ապա, Վարդան Օսկանյանի փոխանցմամբ,  նոյեմբերի 19-ին «Ազատ դեմոկրատների» հետ հանդիպումով ավարտվել է խորհրդակցությունների առաջին փուլը: «Մենք հանդիպեցինք խորհրդարանում ներկայություն ունեցող քաղաքական բոլոր ուժերի հետ՝ բացառությամբ ՀՀԿ-ի, որը չէր ցանկացել հանդիպել: Այս պահին հեռու եմ այն մտքից, որ ասեմ՝ ինչ-որ ընդհանուր օրակարգի շուրջ կա համաձայնություն, բայց կարող եմ ասել, որ այս ընթացքում առաջացավ բավական ընդգրկուն քաղաքական օրակարգ՝ բազմաթիվ ընդհանրություններով»,- նշել է նա:

Անդրադառնալով երկրորդին` Վարդան Օսկանյանը նշել է, որ  հանդիպումները ԲՀԿ տարածքային կառույցներում ցույց են տվել, որ կուսակցության ակտիվ անդամները գտնում են, որ ԲՀԿ-ն նախագահական ընտրություններին պետք է մասնակցի սեփական թեկնածուով եւ այդ թեկնածուն պետք է լինի Գագիկ Ծառուկյանը.

Այդ հանդիպումների ընթացքում արվել է հետեւյալ հարցադրումը. «Նախագահական ընտրություններին մասնակցելու դեպքում ԲՀԿ թեկնածուն պետք է լինի Վարդան Օսկանյանը, բայց չի բացառվում անհրաժեշտության դեպքում Գագիկ Ծառուկյանի առաջադրումը:

«Չնայած այն հանգամանքին, որ հենց Գագիկ Ծառուկյանի առաջարկով որպես առաջնային տարբերակ քննարկվել է իմ թեկնածությունը, կուսակցության անդամները արտահայտվել են հօգուտ Ծառուկյանի առաջադրման, ինչին համաձայն եմ նաեւ ես: Գագիկ Ծառուկյանը ժողովրդի մոտ մեծ հեղինակություն եւ համակրանք է վայելում: Միաժամանակ, ժողովրդի եւ քաղաքական ուժերի մոտ պահանջ կա հասարակական համախմբման եւ համակարգային լուրջ փոփոխություններ ենթադրող օրակարգի հիման վրա միասնական ուժերով, ինչու չէ՝ նախագահական ընտրություններին նաեւ միասնական թեկնածուով երկիրը դուրս բերել ծանր վիճակից:

Ահավասիկ, այս երկու հանգամանքների հիման վրա է, որ քաղաքական ուժերը առաջիկայում պետք է որոշում կայացնեն, թե ինչ ձեւաչափով, ինչ օրակարգով եւ ինչ թեկնածուով են մասնակցելու նախագահական ընտրություններին»,- գրել է նախկին արտգործնախարարը: