Հայկական Կարմիր խաչի ընկերությունը եւ «Աշտարակ-Կաթ» ընկերությունը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որի նպատակն է շարունակել համատեղ մարդասիրական գործունեությունը հասարակության առջեւ ծառացած մարտահրավերներին արձագանքելու համար` տարաբնույթ ծրագրերի իրականացման, դեռահասների տեղեկացվածության բարձրացման եւ այլ միջոցներով: Ինչպես NEWS.am-ին տեղեկացրին «Աշտարակ-Կաթ» ընկերության մամուլի ծառայությունից, 2011թ. մայիս ամսից երկու ընկերությունների կողմից համատեղ իրականացվող «Առողջ սերունդ» ծրագրի առաջին փուլը հաջողությամբ ավարտված է: Այդ են վկայում ստացվող արձագանքներն ինչպես մասնակից դպրոցականներից, այնպես էլ դպրոցի ուսուցչական կազմից եւ ծնողներից:
Ծրագրին մասնակցել են Հայաստանի մարզերի եւ Երեւանի դպրոցների 1600 աշակերտ, ովքեր ծանոթացել են առողջ ապրելակերպի, առողջ սննդի եւ սննդակարգի, շրջակա միջավայրի պահպանության խնդիրներին:
Ծրագիրը հնարավորություն է տալիս դեռահասների համար իրականացվող մի շարք դասընթացների միջոցով նրանց մեջ սերմանել առողջ ապրելակերպի գաղափարը եւ նպաստել «առողջ սերունդ» գաղափարի կյանքի կոչմանը:
Ինչպես նշել է «Աշտարակ-Կաթ» ընկերության տնօրեն Ստեփան Ասլանյանը, ընկերությունը, կորպորատիվ սոցիալական պատասխանատվությանն ուղղված իր ծրագրերում, կարեւորում է առողջ ապրելակերպի գաղափարին նվիրված նախաձեռնությունները եւ հետեւողական է լինելու գաղափարի զարգացմանն ու կյանքի կոչմանը տարաբնույթ ծրագրերի միջոցով:





























