Չեխական «Դորմետ» ընկերությունը հետաքրքրված է հայկական ֆերոմոլիբդենի եւ մոլիբդենի օքսիդի գնմամբ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է ընկերության սեփականատեր Ռուբեն Մարտիրոսյանը: «Դորմետ» ընկերությունը մասնագիտանում է մետաղական ձուլվածքների առեւտրում: «Ավելի վաղ մենք զբաղվում էինք մետաղաձուլվածքների ողջ սպեկտրով՝ ֆերոսիլիցիում, ֆերոքրոմ, ֆերոտիտան, իսկ 2008 թվականից ի վեր որոշեցինք կենտրոնանալ ֆերոմոլիբդենի եւ մոլիբդենի օքսիդի վրա: Հայաստանը ակնհայտ ընտրություն էր: Մենք առաջ էլ համագործակցել ենք հայկական ընկերությունների հետ, իսկ հիմա հույս ունենք խորացնել այդ համագործակցությունը»,-նշել է Մարտիրոսյանը:
Նշենք, որ 2011 թվականին Հայաստանն արտադրել է 5525 տոննա ֆերոմոլիբդեն: Գնային արտահայտությամբ ֆերոմոլիբդենի, պողպատի եւ չուգունի արտադրությունը կազմել է 51.286 մլրդ դրամ: Ներկայումս այն փաստացի ամբողջությամբ արտահանվում է հեռավոր արտասահման, հիմնականում՝ Գերմանիա:




























