Նոյեմբերի 18-ին Լոռիի մարզի Շահումյան գյուղում գտնվող «Մուշ» ռեստորանում սպանված փաստաբան Սամվել Շարբաթյանի գործից նոր մանրամասներ են ի հայտ գալիս: NEWS.am-ի Լոռիի թղթակիցը այսօր հանդիպել է մեղայականով ոստիկանություն ներկայացած Արտակ Վերանյանի հարազատների հետ, որոնք որոշ մանրամասներ են հայտնել:
Ըստ այդմ, դեպքի օրը՝ ժամը 13:00-ի սահմաններում, Արտակ Վերանյանին է զանգահարել Սամվել Շարբաթանը եւ հրավիրել «Մուշ» ռեստորանային համալիր՝ քրոջ աղջկա եւ Արտակի սիրային կապի մասին խոսելու համար: Արտակը գնացել է ռեստորան Սամվել Դիլոյանի հետ (վերջինս դեռեւս հայտնաբերված չէ-խմբ): Ռեստորանում նրանց սպասել են Սամվել Շարբաթյանն ու նրա քրոջ տղան: Կերուխումից եւ զրուցելուց հետո ըստ Արտակ Վերանյանի հարազատների պատմածի, Սամվելը եւ Արտակը դուրս են եկել ռեստորանից, նրանց ճանապարհելու են դուրս եկել նաեւ փաստաբանն ու նրա քրոջ տղան:
«Այդ ընթացքում Սամվել Շարբաթյանն ասում է, թե «Լսի քեզ ինչ եմ ասում, ով էդ աղջկան այսուհետ մոտենա, ես նրա…» ու մայր է հայհոյում: էդ պահին քաշքշուք է տեղի ունենում, քեռին (Սամվել Շարբաթյանը-խմբ) հարվածում է Արտակի դեմքին, քաշքշում են իրար, հետո Սամվել Շարբաթյանը հանում է զենքը, էդ ընթացքում Արտակը ոլորում է նրա ձեռքը, խլում զենքն ու հարվածում, էդ հարվածից քեռին ընկնում է գետնին, գլուխը խփում քարին ու մահանում»,-պատմել են բարեկամները: Նրանց փոխանցմամբ Արեն Վերանյանը՝ Արտակ Վերանյանի եղբայրն, այդ ընթացքում տանն է եղել, եւ գնացել է ռեստորան Արտակի զանգից հետո, երբ ամեն ինչ արդեն ավարտված է եղել: «Արենը ոչ մի բանի հետ կապ չունի, ինքն էդ ընթացքում քնած ա եղել, ռեստորանում Սամոն ու Արտակն են եղել»,-ասացին Արտակի բարեկամները:
Նրանց փոխանցմամբ՝ ամեն ինչ շատ արագ է կատարվել: «Սամվել Շարբաթյանն ու Արտակը 2 օր առաջ էլ են նույն տեղում հանդիպել, էլի փաստաբանն էր զանգել կանչել, նստել խոսել են, ու իրարից նորմալ բաժանվել»,-NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում մանրամասնել են հարազատները, նշելով, որ ամեն ինչ տեղի է ունեցել Արտակի՝ փաստաբան Սամվել Շարբաթյանի քրոջ աղջկան սիրելու եւ նրա հետ հանդիպելու պատճառով. «Մոտ մեկ ամիս է, ինչ Արտակն ու էդ աղջիկն իրար հետ շփվում էին, տրանսպորտ նստում, քայլում…էդ աղջիկն Արտակին ոչ հա էր ասել, ոչ էլ՝ չէ»:
Փաստաբան Սամվել Շարբաթյանի մահն Արտակ Վերանյանի հարազատները համարում են դժբախտ պատահար, նրանք պնդում են, որ մահը վրա է հասել ոչ թե Արտակի կողմից փաստաբանի գլխին հասցրած հարվածից, այլ գլուխը քարին խփելուց:
Իր հերթին «Մուշ» ռեստորանային համալիրի սեփականատեր Էդիկ Խլղաթյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում եւս փաստել էր, որ սպանված Սամվել Շարբաթյանն ու Արտակ Վերանյանը երկու անգամ գտնվել են ռեստորանում՝ ջերմ հարաբերությունների մեջ, իսկ կատարվածն ըստ Խլղաթյանի՝ նրանց գինովցած լինելու հետեւանքն է:
Մինչդեռ ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության, պարզվել է, որ նոյեմբերի 18-ին, ժամը 22.00-ի սահմաններում, եղբայրներ Արտակ եւ Արեն Վերանյանները եւ 1981 թ. ծնված Սամվել Դիլոյանը «Մուշ» ռեստորանային համալիրում հանդիպել են Սամվել Շարբաթյանին` անձնական հարցերի շուրջ նրանից պարզաբանումներ ստանալու: Ծագած վիճաբանության ընթացքում Արտակ եւ Արեն Վերանյանները կոպիտ կերպով խախտելով ռեստորանի աշխատանքը եւ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով հաճախորդների ու սպասարկող անձնակազմի նկատմամբ՝ վիճաբանել են Սամվել Շարբաթյանի հետ, սեռական բնույթի հայհոյանքներ տվել նրա հասցեին եւ շուրջ 15 րոպե խախտել հասարակական կարգն ու խաթարել ռեստորանի բնականոն աշխատանքը:
Վիճաբանության ընթացքում Արտակ Վերանյանը խլելով Ս. Շարբաթյանի ձեռքին եղած ատրճանակը՝ մի քանի անգամ կրակել է նրա ուղղությամբ, ձեռքերով եւ ոտքերով բազմաթիվ հարվածներ հասցրել նրա դեմքին, մարմնին եւ սպանել նրան:
Արտակ Վերանյանը ձերբակալված է:





























