Իսրայելը եւ ՀԱՄԱՍ-ը հրադադարի հարցում համաձայնության չեն եկել։ Նախկինում ակնկալվում էր, որ համաձայնագիրը կստորագրվի նոյեմբերի 20-ի երեկոյան Եգիպտոսի մայրաքաղաքում: Սպասվում է, որ մնացած հարցերը կլուծվեն նոյեմբերի 21-ին:

«Առաջին ալիքը» հաղորդում է, որ ՀԱՄԱՍ-ը փորձում է հասնել հրադադարի, ինչպես նաեւ Գազայի հատվածի շրջափակման ամբողջական վերացման: Բացի դրանից` պարտադիր պայման  է շարժման առաջնորդներին նպատակադրված վերացնելուց հրաժարվելը: Իր հեթին Իսրայելը ոչ միայն Գազայի հատվածից հրետակոծման դադարեցում է պահանջում, այլեւ պայմանավորվածությունների կատարման երաշխիքներ՝ ինչպես  ՀԱՄԱՍ-ի ղեկավարության, այնպես էլ Եգիպտոսի կողմից, որը բանակցությունների հիմնական միջնորդն է։

Միաժամանակ, ուշ երեկոյան Երուսաղեմ է ժամանել ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպումից հետո նա բանակցություններ կվարի Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբբասի հետ, հայտնում է «Էխո Մոսկվին»:

Մերձավոր Արեւելքում հակամարտության սրացումը շարունակվում է արդեն մեկ շաբաթ: Այդ ընթացքում օդային փոխադարձ հարվածների հետեւանքով զոհվել են հինգ իսրայելցի եւ Գազայի հատվածի 140 բնակիչ: