Լիբիայի Բենգազի քաղաքում նոյեմբերի 21-ին իր տան մոտ սպանվել է տեղի ոստիկանապետը։

Երկրի ՆԳՆ-ն հայտնում է, որ քաղաքի ոստիկանության պետ Ֆարաջ Դեյրսին մահացել է անհայտ անձանց հասցրած հրազենային վնասվածքներից։ Դեյրսին ոստիկանապետ էր նշանակվել Բենգազիում ԱՄՆ-ի դեսպանի սպանությունից հետո, հաղորդում է «Ռոսբալտը»` վկայակոչելով  ВВС-ին:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 13-ին Բենգազիում մահափորձ էր կատարվել մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյայի` գնդապետ Մոհամեդ Բեն Հալեմիի դեմ:  Պայթել էր նրա մեքենան, սակայն ինքը չէր տուժել: Գնդապետը Մուամար Քադաֆիի օրոք ծառայել էր  ոստիկանությունում, իսկ հետո անցել էր ապստամբների կողմը:

Բենգազիում սեպտեմբերի 12-ին ԱՄՆ-ի դեսպանատան վրա զինված հարձակման հետեւանքով  սպանվել էին դեսպան Ջոն Քրիստոֆեր Սթիվենսը, տեղեկատվության բաժնի աշխատակից Շոն Սմիթը եւ ծովային երկու հետեւակ: Եւս ութ ամերիկացիներ վիրավորվել էին: