Հնդկաստանում կախաղան են բարձրացրել Մումբայի ահաբեկչությունների միակ դատապարտյալ Աջմալ Ամիր Քասաբին։ Վճիռը կայացրել է Հնդկաստանի գերագույն դատարանը։ Մահապատիժն իրագործվել է վաղ առավոտյան՝ հնդկական բանտերից մեկում։
Դատավճռում ընդգծված է, որ «տվյալ գործում մահապատիժը միակ հնարավոր պատիժն է»: Ահաբեկչի մեղքն ապացուցվել էր դեռեւս 2010 թվականին: Մեղադրյալը սկզբում հերքել, սակայն հետագայում խոստովանել էր ահաբեկչություններին իր մասնակցությունը, գրում է «Ռոսիյսկայա գազետան»:
Մումբայի ամենաարյունալի ահաբեկչությունը տեղի էր ունեցել 2008 թ. նոյեմբերի վերջում: Հարձակման հետեւանքով զոհվել էր 165 մարդ, տուժել` 300-ը: Նոյեմբերի 26-29-ի ընթացքում իսլամական ահաբեկիչները Վիկտորիա կայարանի շենքում սպանել էին մի քանի մարդու, պատանդներ էին վերցրել հինգաստղանի «Թաջ Մահալ» եւ «Օբերոյ» հյուրանոցներում, ինչպես նաեւ հարձակվել էին ոստիկանական բաժանմունքի վրա: Ահաբեկչություններ էին կատարվել ընդհանուր առմամբ յոթ օբյեկտներում։




























