Ղազախ սահմանապահ Վլադիսլավ Չելախը նոյեմբերի 21-ին, դատական նիստի ժամանակ փորձել է կտրել երակները։ Նրան անմիջապես դուրս են բերել դահլիճից։ Դուրս տանելուց Չելախը բղավել է, որ ոչինչ այլեւս չի պատմի եւ հրաժարվում է մասնակցել դատավարությանը։

Պարզվել է, որ Չելախը փորձել է կտրել երակները ամբաստանյալների սենյակի աթոռից պոկած պլաստիկի կտորով, հաղորդում է «Ինտերֆաքս-Ղազախստանը»։

Միջադեպը տեղի է ունեցել, երբ դատավոր Երբոլ Ահմետժանովը մերժել է պաշտպանության հերթական միջնորդությունները։ Փաստաբանը պահանջել է գործի նյութերից հանել Չելախի մոր հեռախոսազրույցների ձայնագրությունը, քանի որ դրանք ձեռք են բերվել ապօրինի։ Նաեւ միջնորդություն է ներկայացվել հարցաքննության ընթացքը փոխելու վերաբերյալ՝ պահանջելով սկզբում լսել տուժածներին, նոր միայն ներկայացնել Չելախի խոստովանական խոսքի տեսագրությունը։  

Հիշեցնենք, որ Չելախին մեղադրում են սահմանապահ ուղեկալում 14 ծառայակիցների եւ անտառապահի սպանության մեջ։