Ֆանտաստ-գրող Բորիս Ստրուգացկու ընտանիքը որոշել է քամուն տալ նրա աճյունամոխիրը Պուլկովյան բարձունքներում, նոյեմբերի 21-ին հայտնել է Սանկտ Պետերբուրգի Գրողների տան տնօրեն Վլադիմիր Մալիշեւը։ Հիշեցնենք, որ գրողի ցանկությունն էր դա։ Նույն կերպ էին վարվել նաեւ նրա եղբոր՝ Արկադի Ստրուգացկու աճյունամոխրի հետ։
Мк.ru-ն հայտնում է, որ վերջին հրաժեշտը Բորիս Ստրուգացկու հետ տեղի կունենա նոյեմբերի 23-ին Սանկտ Պետերբուրգի «Մանեժ» կենտրոնական ցուցահանդեսային դահլիճում։ Կտակի համաձայն, այնուհետեւ նրա մարմինը կդիակիզվի։
Հիշեցնենք, որ աշխարհահռչակ ռուս ֆանտաստ-գրողը կյանքին հրաժեշտ տվեց նոյեմբերի 19-ին, 80 տարեկանում։
Ստրուգացկի եղբայրները մի քանի տասնյակ վեպերի, սցենարների հեղինակ են։ Նրանց մեծ ճանաչում են բերել «Դժվար է աստված լինելը», «Մարդաբնակ կղզի», «Երկուշաբթին սկսվում է շաբաթ օրը» վեպերը։




























