Նոյեմբերի 20-22-ը Հայաստան ժամանած Չեխիայի ԱԳ փոխնախարար Տոմաշ Դուբի այցի շրջանակներում նոյեմբերի 20-ին «Գոլդեն Թուլիփ» հյուրանոցում կայացավ հայ-չեխական գործարար համաժողով, որին մասնակցեցին շուրջ չորս տասնյակ հայ եւ չեխ գործարարներ: Չեխական կողմից ներկայացված էին նաեւ բանկային, ապահովագրական եւ մասնավոր սեկտորի հեղինակավոր ընկերությունների ներկայացուցիչներ:
Համաժողովին բացման խոսքով հանդես եկան Հայաստանի եւ Չեխիայի ԱԳ փոխնախարարները` Զոհրաբ Մնացականյանը եւ Տոմաշ Դուբը, Հայկական զարգացման գործակալության տնօրեն Ռոբերտ Հարությունյանը եւ Հայաստանում Չեխիայի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Պետր Միկիսկան:
Այնուհետեւ ներկայացվեց Հայաստանում ներդրումային եւ գործարար մթնոլորտի վերաբերյալ զեկույց: Լիագումար նիստի ավարտին համաժողովը շարունակեց աշխատանքներն` արդեն աշխատանքային խմբերի ձեւաչափով:
Նոյեմբերին 21-ին կկայանան փոխնախարար Տոմաշ Դուբի պաշտոնական հանդիպումները ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի, Երեւանի քաղաքապետի, տրանսպորտի նախարարի, ինչպես նաեւ արտաքին գործերի ու էկոնոմիկայի փոխնախարարների հետ:




























