Դեկտեմբերի 2-ին թիվ 35 ընտրատարածքում կայանալիք ԱԺ պատգամավորի ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը որեւէ մեկին սատարելու մասին որոշում չունի: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 21-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը:
Նրա խոսքով՝ այդ ընտրատարածքում առաջադրված ՀՀԿ-ական թեկնածու Արման Սահակյանին սատարելու մասին որոշումը կայացրել է թիվ 35 ընտրատարածքի ԲՀԿ կառույցը:
«Այդ որոշումը կայացվել է 35-րդ ընտրատարածքային կառույցի կողմից, եթե մենք չենք առաջադրում թեկնածու, այդ տարածքը մնում է ազատ. կուսակցությունը որոշել է, որ մենք ոչ մեկին չենք սատարում։ Կա ոչ թե Շիրակի մարզային կամ Գյումրիի կառույցը, այլ թիվ 35-րդ կառույցը, որը նման որոշում է կայացրել: Եթե կուսակցության ղեկավարությունը թողնում է ազատ, այդ ժամանակ տեղի ուժերը, ժողովուրդը որոշում են կայացնում»,- ասաց նա՝ չմեկնաբանելով Գյումրիի ԲՀԿ-ական քաղաքապետ Սամվել Բալասանյանի հայտարարությունը այդ առթիվ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ թիվ 35 ընտրատարածքի խորհուրդը, որի պատասխանատուն Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանն է, դեկտեմբերի 2-ին կայանալիք Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով ընտրություններում սատարելու է «Սովռանո» ՍՊԸ-ի տնօրեն, Հանրապետական կուսակցության անդամ Արման Սահակյանին:
Նշենք, որ դեկտեմբերի 2-ին թիվ 1 եւ 35 ընտրատարածքներում կկայանան ընտրություններ: Գյումրիի թիվ 35 ընտրատարածքում կպայքարեն «Սովռանո» ՍՊԸ-ի տնօրեն, Հանրապետական կուսակցության անդամ Արման Սահակյանն ու ՀՀՇ անդամ Մուրադ Գրիգորյանը, անկուսակցական Արման Խաչատրյանն ավելի վաղ ինքնաբացարկ էր հայտնել:
Հիշեցնենք, որ թիվ 35 ընտրատարածքի պատգամավոր Սամվել Բալասանյանն ընտրվել է Գյումրիի քաղաքապետ:




























