Ադրբեջանցի ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղում «մոտ ապագայում ռազմական ակտիվ գործողություններ պետք չէ սպասել»: Փորձագետն իր տեսակետն արտահայտել է «Էխո» թերթի հետ հարցազրույցում՝ մեկնաբանելով WNWI ռադիոյի այն հայտարարությունը, ըստ որի «Ադրբեջանն այժմ Ղարաբաղում ռազմական գործողությունների ռազմավարություն է մշակում: Ադրբեջանի նպատակը պարզ է՝ անակնկալ հարվածներով հանկարծակիի բերել թշնամուն: Հայերը ակտիվ կդիմակայեն՝ հակահարվածներ հասցնելով»:
«Բազմիցս ասել եմ, որ որոշ փորձագետներ, քաղաքագետներ, արտասահմանյան լրատվամիջոցներ իրենց կանխատեսումներն են անում տարածաշրջանի վերաբերյալ, բայց դա լուրջ չէ: Այդ ի՞նչ պետություն է, որ հակառակորդին հարվածելու գաղտնի մտադրությունները լրատվամիջոցներին հասու են դառնում: Ես ինքս նման տեղեկատվության չեմ հանդիպել: Սովորաբար նման տեղեկատվությունը յոթ կնիքներով է պաշտպանված: Այն կարող են իմանալ Գերագույն հրամանատարը, պաշտպանության նախարարը եւ Գլխավոր շտաբի պետը: Երբեմն անգամ հրամանատարները տեղյակ չեն լինում: Ինչ վերաբերում է տարածաշրջանին, բազմիցս լսել ենք, որ շուտով ռազմական գործողություններ կսկսվեն, Ադրբեջանը հարձակման է անցնում: Սակայն դա իրական հիմք չունեցող տեղեկատվություն է», - կարծում է Ուզեիր Ջաֆարովը: Նրա խոսքով՝ ոչ մի նախադրյալ չկա, որ մոտ ժամանակներս ռազմական գործողություններ կսկսվեն: «Տարին ավարտվում է, իսկ ձմռանը կողմերից ոչ մեկը մարտական գործողությունների չի դիմի: Բացի այդ, պետք է չմոռանանք, որ եւ Հայաստանում, եւ Ադրբեջանում հաջորդ տարի նախագահական ընտրություններ են: Հետեւաբար, հաջորդ տարի էլ դա քիչ հավանական է», - նշել է Ջաֆարովը: Նա ենթադրել է, որ հնարավոր է, ինչ-որ բան կատարվի 2014-ին, բայց մինչ այդ շատ բան կարող է փոխվել, առաջին հերթին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում. «Նրանք թեեւ աշխուժություն են ձեւացնում, բայց առայսօր ոչ մի առաջընթացի չեն հասել: Անդրադառնալով բազմաթիվ կանխատեսումներին՝ կասեմ, որ մենք դրանք կլսենք այնքան ժամանակ, քանի դեռ հակամարտությունը լուծում չի ստացել»:
Այլ կարծիքի է Քաղաքական ինովացիաների եւ տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Մուբարիզ Ահմեդօղլուն: «Միանգամայն հավանական է, որ Ադրբեջանը պատերազմի է պատրաստվում: Երկրի ղեկավարությունը, հանրությունը կորցրել են հակամարտության խաղաղ կարգավորման հույսը, քանի որ Ղարաբաղը խաղաղ ճանապարհով վերադարձնելն անհնար է: Հայերն ինքնակամ այն չեն տա, միակ ելքը ռազմական լուծումն է», - ասել է Ահմեդօղլուն, գրում է SalamNews-ը:





























