ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյերը 2012թ. հուլիսին Հարավային Կովկաս կատարած այցի ժամանակ փորձել է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներին հասցնել երեք գաղափար։ Այդ մասին Զանյերն ասել է 1news.az-ի թղթակցի հետ զրույցում։

«Առաջին՝ Մադրիդյան սկզբունքների հիման վրա ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն այլընտրանք չկա։

Երկրորդը՝ այդ որոշման անհրաժեշտ նախադրյալ է հրադադարի ռեժիմի խիստ պահպանումը, շփման գծից դիպուկահարների հետ քաշելը, պատասխան քայլերից եւ ռազմատենչ հայտարարություններից զերծ մնալը։

Երրորդը՝ ոչ մի արտաքին խաղացող՝ ԵԱՀԿ-ն կամ մեկ այլ միջազգային խաղացող, չի կարող հանգուցալուծել հակամարտությունը կամ որոշում պարտադրել։ Խաղաղության որոշման համար անհրաժեշտ է քաղաքական կամք, հավատարմություն գործընթացին եւ հակամարտության կողմերի պատասխանատվությունը»,- հայտարարել է Զանյերը։

Նրա խոսքով, այցը տարածաշրջան մեկ անգամ եւս համոզեց, որ հակամարտությունը շարունակում է սպառնալ կայունությանը Հարավային Կովկասում եւ խոչընդոտում է տնտեսական ու սոցիալական զարգացմանը։

«Որքան երկար է հակամարտությունը մնում չլուծված, այնքան դժվար է դառնում քաղաքական փոխզիջման հասնելն ու տարաձայնությունները հաղթահարելը, այդ թվում մարդկանց գիտակցությունում։ Այսօրվա երիտասարդներն արդեն չունեն այն կյանքի փորձը, երբ հակամարտություն չկար»,- նկատել է ԵԱՀԿ ղեկավարը։

Խոսելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի մասին՝ Զանյերը նկատել է, որ իրեն նույնպես անհանգստացնում է կարգավորման գործընթացքում առաջընթացի բացակայությունը եւ տեղերում իրավիճակի վատացումը։