«Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը այսօր՝ նոյեմբերի 21-ին, մեկնում է Բաքու՝ մասնակցելու Ասիական քաղաքական կուսակցությունների միջազգային 7-րդ համաժողովին, որի ժամանակ պետք է ելույթ ունենա: Այս մասին նոյեմբերի 21-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը։
«ժառանգությունը» Ասիական քաղաքական կուսակցությունների խորհրդաժողովներից մեկին մասնակցել է: Այս անգամ հրավերը ստացել էին մի քանի ամիս առաջ, սակայն մերժել էին՝ ասելով, որ մտադիր չեն մասնակցել, որովհետեւ Ադրբեջանն արժանի չէ կազմակերպել միջազգային խորհրդաժողով:
Սակայն, դրանից հետո խորհրդաժողովի կազմակերպիչները, կապվելով հյուրընկալող երկրի կառավարության հետ եւ «Ժառանգության» ներկայացուցիչների հետ, վստահեցրել են, որ ոչ միայն կլինի արտահայտվելու հավասար հնարավորություն, այլեւ անվտանգության երաշխիք: Րաֆֆի Հովհաննիսյանը Բաքու է մեկնում միայնակ:
«Ես որոշեցի ընդունել հրավերը եւ այսօր կմեկնեմ Բաքու: Մի բանում կարող եք համոզված լինել, որ որեւէ մի շեղում չի լինելու այն եռամիասնությունից, որը եղել է իմ հավատարմության օրակարգի առանցքը՝ քաղաքացիական իրավունք, ազգային շահ եւ պետության ինքնիշխանություն»,- ասաց նա:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի/NEWS.am





























