2012թ. մայիսին Ֆրանսիայի նախագահական ընտրությունների ժամանակ կոտրել էին նախագահի աշխատակազմի համակարգիչները: Այդ մասին տեղեկացնում է ֆրանսիական Express թերթը: Խմբագրության տվյալով՝ դա կատարվել էր Վաշինգտոնից:
Հաքերները մուտք էին գործել այն ժամանակվա նախագահ Նիկոլա Սարկոզիի ամենամոտ խորհրդականների, մասնավորապես՝ նրա օգնական Քսավիեր Մուսկիի համակարգիչ: Սարկոզիի համակարգիչ ներխուժելը չէր ստացվել, քանի որ այն Ելիսեյան պալատի համակարգչային ցանցին միացված չէր:
Հաքերական հարձակման համար Վաշինգտոնն օգտագործել էր աշխատակիցների Facebook-յան էջերը: Հաքերներն ընկերացել էին նրանց հետ, էլեկտրոնային փոստով Ելիսեյան պալատի համակարգչային ցանցին միանալու հրավեր ուղարկել: Նրանց ուղարկած հղումը նախագահի աշխատակազմի կեղծ կայք է տարել, որտեղ նրանցից գաղտնագիր եւ գաղտնաբառ է պահանջվել:
Ստանալով տվյալները՝ հաքերները նրանց համակարգիչներում կարողացել են լրտեսական ծրագրային ապահովում տեղադրել: Հարձակումը կատարվել է Flame վիրուսով, որն Իրանի դեմ կիբերհարձակումների համար մշակել էին ամերիկացի եւ իսրայելցի մասնագետները, գրում է lenta.ru-ն:
ԱՄՆ-ի ազգային անվտանգության նախարար Ջանետ Նապոլիտանոն ոչ հերքել, ոչ էլ հաստատել է տեղեկությունը: Ելիսեյան պալատում եւս հրաժարվել են մեկնաբանել:




























