Խորհրդարանական ընտրությունների ժամանակ սխալ չէր «Ազատ դեմոկրատների» մասնակցությունը «Ժառանգության» միասնական ցուցակին: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 21-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը:
««Ազատ դեմոկրատների» մասնակցության որոշումը սխալ չէր, լայն ցանցով մտան, շատ լավ երիտասարդներ կային, ուզում էինք նոր քաղաքացիական այլընտրանք: Սխալ չէր, սխալ էր մի մարդու վարքը: Կարեւոր էր փորձը, թեեւ չհաջողվեց երկարատեւ համագործակցության, բայց տվեց այն, որ պետք է փորձել, քաղաքացին պետք է գտնի լուծումները ներսից: Այս անգամ չստացվեց, հաջորդ անգամ՝ կլնի»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է միջազգային պատվիրակություններից եւ հանձնաժողովներից «Ազատ դեմոկրատների» պատգամավորների հետկանչին եւ Ալեքսանդր Արզումանյանի դիմադրությանը, նա նշեց, որ այդ հարցը կորոշի «Ժառանգություն» խմբակցությունբը: «Արզումանյանը շատ լավ պատգամավոր է, այս հարցը գտնվում է բարոյական դաշտում»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Ժառանգության» առաջնորդը հերքեց լրատցամիջոցներում տարածված տեղեկությունները, թե «Ժառանգությունում» պառակտում կա՝ նշելով, որ որեւէ պառակտում չկա, տարբեր անհատներ են, որոնք կարող են ունենալ տարբեր կարծիքներ:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի/NEWS.am




























