Խորհրդարանական ընդդիմության՝ արտահերթ նիստ հրավիրելու սցենարը նպատակ է հետապնդում ցույց տալու, որ իշխանության ընդդիմադիրներն աշխուժացել են: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 21-ին, խորհրդարանում լրագրողների հարցերին պատասխանելով՝ նշել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ մեկնաբանելով ԱԺ արտահերթ նիստի համար անհրաժեշտ քվորումի բացակայությունը:
«Գրանցվելը կամ չգրանցվելը յուրաքանչյուր պատգամավորի գործն է, դա ԱԺ կանոնադրության եւ Սահմանադրության պահանջ է: Պատգամավորը պատասխանատվություն է կրում, եթե բացակայում է նիստերի կեսից: Բացի այդ, մենք քանիցս նշել էինք, որ չենք մասնակցի այդ նիստին: Մենք մեր գործն ենք անում, որն ուղղված չէ ոչ ոքի դեմ: Մենք պատրաստվում ենք նախագահական ընտրություններին»,- նշել է Սահակյանը:
Նրա խոսքով՝ արտահերթ նիստը գումարվել էր՝ առանց հաշվի առնելու, որ շատ պատգամավորներ գործուղումների են մեկնել. «Նրանք 48 ստորագրություն էին հավաքել, սակայն ընդամենը 44 պատգամավոր էր գրանցվել, իսկ դահլիճում ներկաների թիվը 38-39 մարդ էր: Դրանով խախտվում էր Սահմանադրությունը: Քաղաքական այս հնարքները Հայ ազգային կոնգրեսին չեն օգնի հարություն առնել: Մենք պագամավոր ենք, ոչ թե վիրաբույժ, որպեսզի դեղատոմս գրենք: Նրանք փորձում են հարություն առնել մեր օգնությամբ», - ասել է խորհրդարանական մեծամասնության ղեկավարը:
Դիտողությանը, թե ընդդիմությունը մտադիր է դիմել Էթիկայի հանձնաժողով, որպեսզի բացակա պատգամավորները տեղեկանք ներկայացնեն, Սահակյանը նշել է, որ Էթիկայի հանձնաժողովը կարող է քննարկել այդ հարցը. «Սակայն այդ մենք պետք է դիմեինք Էթիկայի հանձնաժողով»:




























