ՀՀԿ-ն ձախողեց ԱԺ արտահերթ նիստը, ինչը սպասելի էր։ Այդ մասին նոյեմբերի 21-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը։

«Առնվազն զարմանալի է, որ խորհրդարանական մեծամասնությունը, որը հայտարարում է, թե 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցնելու դեմ լուրջ փաստարկներ ունի, չեկավ նիստին, իր տեսակետը պաշտպանելու համար»,- նկատեց Զոհրաբյանը։

Լրագրողները հիշեցրին, որ իշխող կուսակցությունը ժամանակավրեպ է համարում նախագահական ընտրությունների նախաշեմին փոխել խորհրդարանի ձեւավորման սկզբունքը։ Ի պատասխան դրան՝ Նաիրա Զոհրաբյանը նկատեց, որ խորհրդարանական մեծամասնության համար միշտ կամ շուտ է կամ ուշ. «Պետք է օգտագործել այս հարցերը բարձրացնելու յուրաքանչյուր հնարավորությունը։ Շուտ եւ ուշ չի լինում։ Եթե նրանք այդքան երկաթյա փաստարկներ ունեն, ապա նրանց ոչ ոք չէր խանգարում գալ նիստին եւ արտահայտվել»։