Եկատերինբուրգում ազատազրկման են դատապարտել կնոջը, որը սեռական ծառայությունների դիմաց գումար էր վերցրել, սակայն դրանք չէր մատուցել:
Դատարանի որոշմամբ 30-ամյա Օլգա Ժինկինան բանտում կանցկացնի մեկ տարի եւ երկու ամիս՝ մեքենայության մեղադրանքով: Իսկ նրա 26-ամյա համախոհ Ալեքսանդր Կորոլեւը դատապարտվել է 1.5 տարվա ազատազրկման: Նրանք պատիժը կանցկացնեն ուղղիչ գաղութում, հայտնում է Սվերդլովի մարզի դատախազության պաշտոնական կայքը:
Գործի նյութերից հետեւում է, որ արկածախնդիրների գործողություններից տուժել է 34-ամյա եկատերինբուրգցի Վիտալին, որը սեր է փնտրել ծանոթությունների կայքում: Այնտեղ նա կապվել է իրեն Ալինա անվանած ինչ-որ աղջկա հետ, որը հայտնել է, թե վարձով է ապրում, սակայն չի կարողանում վճարել վարձը: Ալինան Վիտալիին առաջարկել է 12 հազար ռուբլու դիմաց ինտիմ ծառայություններ մատուցել, գրում է NEWSru.com-ը:
Ենթադրյալ մարմնավաճառուհու հետ հանդիպելով՝ տուժածը նրան է փոխանցել գումարը: Ալինան այն անմիջապես տվել է տղամարդուն, որն, իբր, բնակարանի տերն էր: Դրանից հետո Վիտալին Ալինայի հետ սրճարան է գնացել, սակայն որոշ ժամանակ անց աղջիկը դուրս է եկել փողոց եւ անհետացել:
Խաբված տղամարդը ոստիկանություն է դիմել:




























