Ներկայում Հայաստան տեղափոխված սիրիահայերի թիվ մեկ խնդիրը աշխատանքի տեղավորումն է: Այդ մասին այսօր` նոյեմբերի 21-ին սիրիահայերի խնդիրներին նվիրված համաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նախարարի խոսքով` Հայաստանում բարձր վճարովի աշխատատեղերը քիչ են, իսկ սիրիահայերը սովոր են բարձր վարձատրության: Սիրիահայերի մի ստվար զանգված էլ ցանկանում է ինքնուրույն գործ հիմնել, սակայն, ըստ նախարարի, դրա համար պետք է ուսումնասիրել տեղական օրենսդրությունը եւ շուկան:
Կոնֆերանսին մասնակցում էին աշխատանք փնտրող սիրիահայեր, գործարարներ, պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ:
Փոքր եւ միջին ձեռնարկությունների աջակցման կենտրոնի (ՓՄՁ ԶԱԿ) տնօրեն Վարազդատ Կարպետյանն ասաց, որ մի քանի ծրագիր են իրականացնում, որոնցում կարող են ընդգրկվել սիրիահայերը: Օրինակ` «սկսնակ գործարարների աջակցություն» ծրագրին մասնակցությունը ենթադրում է 1.5 ամիս դասընթացներ, այնուհետ` մինչեւ 3 մլն դրամ արտոնյալ (առանց գրավի ու տարեկան 10%-ով) վարկ ստանալու հնարավորություն: «Եթե 20 հոգի հավաքվի` հենց վաղը կարող ենք սկսել աշխատանքները»,- ասաց Վ. Կարապետյանը: Կենտրոնն առաջարկում է նաեւ տեղեկատվական աջակցություն, ինչպես նաեւ` երաշխիքներ խոշոր բիզնեսի համար:
Սփյուռքի նախարար Հ. Հակոբյանը նշեց, որ ներկա դրությամբ աշխատանք են ստացել մոտ 150 սիրիահայեր:
Կոնֆերանսին մասնակից գործարարները մի շարք առաջարկություններ ներկայացրին: Այսպես` «Արմ մոբիլ» ընկերությունն առաջարկում է պահնորդական եւ թիկնապահական ծառայություններ եւ պատրաստ է մոտ 30 աշխատատեղ տրամադրել (3 սիրիահայեր արդեն ընդունվել են): «Պոլիսեր» ընկերությունն առաջարկեց ոչ միայն աշխատատեղեր Աբովյան քաղաքի շինանյութերի գործարանում, այլեւ` կացարան ու համատեղ գործունեության առաջարկներ:
Ընդհանուր առմամբ` սիրիահայերին առաջարկվեց զբաղվել տարբեր աշխատանքներով` սկսած այգեգործությունից, վերջացրած ինժեներներ ու գովազդային բիզնես:





























