Պետդումայի պատգամավոր Ռոման Խուդյակովը, Պետդումայում ռուսաստանցիների զենք կրելու իրավունքին կողմ հանդես գալով, խոսքերն ավելի համոզիչ դարձնելու համար ցուցադրել է ատրճանակի ռետինե մուլյաժ, որը շատերն իրականի տեղ են ընդունել: Վախեցած խորհրդարանականները կարծել են, թե սեփական Անդրես Բրեյվիկ է հայտնվել:
«ՌԼԴԿ պատգամավորը ամբիոնի մոտ ատրճանակ է հանել: Վինոգրադովը (գրասենյակում սպանդ կազմակերպած իրավաբանը) խորհրդարանում բարեկամ չունի՞» - իր Twitter-ում գրում է վրդովված «եդինոռոս» Վլադիմիր Բուրմատովը:
Նրա կուսակից Իրինա Ռոդնինան Twitter-ում հարց է տվել, թե ինչպես է Խուդյակովը ատրճանակն անցկացրել ՊԴ-ի հսկվող շենք:
Խուդյակովն ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցում հայտարարել է, որ գործընկերներին ընդամենը «կանացի ատրճանակի տեսքով ռետինե կրիչ» է ցույց տվել:
«Ես ցանկանում էի ցույց տալ, որ ցանկացած կին կարող է ինքնապաշտպանության նման միջոց ունենալ իր պայուսակում կամ էլ դրամապանակում», - վստահեցրել է նա: Պատգամավորը կարծում է, որ քրեական լարված իրադրության պայմաններում զենք կրելու իրավունքը կարող էր փրկել շատ քաղաքացիների:




























