Թել Ավիվում ավտոբուսի պայթյունի հետեւանքով վիրավորվել է 15 մարդ, որոնցից երեքը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում, զոհեր չկան: Այս մասին «Ալ Ջազիրա» հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել է Իսրայելի ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչ Միկի Ռոզենֆելդը: Այս տվյալները հաստատել են նաեւ տեղի բժիշկները:

Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, Թել Ավիվի կենտրոնով ընթացող ուղերթային ավտոբուսը, նախնական տեղեկություններով, պայթեցրել է մահապարտ ահաբեկիչը՝ նախապես տեղադրված ռումբի օգնությամբ:

Պայթյունի վայրում արդեն աշխատում են բժիշկները, ոստիկանությունն ու պայթեցումների մասնագետները, որոնք պարզում են տեղի ունեցածի բոլոր հանգամանքները: Ահաբեկչության պատասխանատվությունը դեռ ոչ ոք իր վրա չի վերցրել:

Ահաբեկչությունը տեղի է ունեցել Մերձավոր Արեւելքում իրավիճակի լարման ֆոնին, որտեղ իսրայելցիները մեկ շաբաթ առաջ լայնամասշտաբ գործողություն են սկսել «ՀԱՄԱՍ»-ի անդամների դեմ: