ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը այսօր` նոյեմբերի 21-ին, հրավիրված ԱԺ արտահերթ նիստի ժամին ԲՀԿ կենտրոնական գրասենյակում շատ կարեւոր եւ վաղօրոք նախատեսված մի քանի կարեւոր քաղաքական հանդիպումներ է ունեցել: Հետեւաբար` չի կարողացել ներկա գտնվել ԱԺ արտահերթ նիստին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը: Նրա խոսքով, հանդիպումները վերաբերել են ընդհանուր քաղաքական գործընթացներին: Սակայն հանդիպումների մասին մանրամասներ չհայտնեց՝ պատճառաբանելով, որ նպատակահարմարության դեպքում առաջիկայում այդ մասին կհայտնեն:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ քվորումի բացակայության պատճառով չի կայացել այսօր՝ նոյեմբերի 21-ին, հրավիրած ԱԺ արտահերթ նիստը։ Գրանցումից հետո պարզվել է, որ արտահերթ նիստ անցկացնելու նախաձեռնության տակ ստորագրած 48 պատգամավորներից դահլիճում են միայն 44-ը: Բացակաների թվում եղել է նաեւ Գագիկ Ծառուկյանը:




























