Հայաստանցիները պետք է ավելի սրտաբուխ լինեն Հայաստան տեղափոխված սիրիահայերի նկատմամբ: Այդ մասին այսօր` նոյեմբերի 21-ին ՀՀ սփյուռքի նախարարության կողմից կազմակերպված կոնֆերանսում ասաց ամերիկահայ գործարար, «Հովնանյան ինթերնեյշնլ» ընկերության հիմնադիր Վահագն Հովնանյանը: Նրա խոսքով` սիրիահայերը Հայաստան են ժամանել ինքնաբուխ, պետք է այնպես չանել, որ փախչեն այստեղից, առանց այն էլ` «ահավոր գեշ անուն ունինք սփյուռքի մեջ»:
Վ. Հովնանյանն ասաց, որ արդեն մի քանի սիրիահայի ընդունել է աշխատանքի, սակայն նաեւ անհրաժեշտ է դրամահավաք կազմակերպել` մյուսներին օգնելու համար: Վ. Հովնանյանը փորձեց ասել, որ դրամահավաքի գործին պետք է լծվեն նաեւ հայաստանցի մեծահարուստները, սակայն սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այդ ժամանակ ընդմիջեց նրան, ասելով, թե հարուստներին առանձին կկանչի:
Վ. Հովնանյանի խոսքով` բիզնես վարելու համար ամեն տեղ էլ կան դժվարություններ, սակայն պետք է այնպես անել, որ սիրիահայերի միջից կասկածը վերանա, եւ նրանք Հայաստանում իրենց զգան, ինչպես հայրենիքում:




























