Ուզբեկստանը, Աֆղանստանից ԱՄՆ-ի հեռանալուց եւ Կենտրոնական Ասիայում իրադրության հետագա սրացումից հետո, կրկին կարող է ընդգրկվել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կազմում: Այդ մասին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան՝ ելույթ ունենալով Հավաքական անվտանգության պայմանագրի 20-ամյակին նվիրված միջազգային կոնֆերանսում:

«Ես կարծում եմ՝ հենց որ տապակած աքլորը կտցի, իրադրությունը կփոխվի: Ըստ իս, դա երկար չի շարունակվի», - ասել է նա, հաղորդում է  «Ռոսբալտը»:

ՀԱՊԿ ղեկավարը նշել է, որ 2014 թ. Աֆղանստանից ԱՄՆ-ի հեռանալը նշանակում է Կենտրոնական Ասիայի անվտանգության բնագավառում իրադրության վատթարացում, որը կվերաբերի ոչ միայն Ուզբեկստանին, այլեւ տարածաշրջանի այլ երկրների:

Հիշեցնենք, որ 2012 թ. հունիսին Ուզբեկստանը դադարեցրել էր ՀԱՊԿ-ում իր մասնակցությունը: Ընդ որում,  պաշտոնապես այն պահպանում է կազմակերպության անդամակցությունը եւ հետագայում կարող է վերադառնալ: Ուզբեկստանը 1999թ. մեկ անգամ արդեն դուրս էր եկել ՀԱՊԿ-ի կազմից, սակայն 2006 թ. վերականգնել էր անդամակցությունը:

ՀԱՊԿ անդամներ են նաեւ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Ռուսաստանը եւ Տաջիկստանը:

 

Լուսանկարը՝ Սոնա Բարսեղյանի / NEWS.am