Ամերիկացի գեներալ Ջոն Ալենը, որը խառն էր ԿՀՎ-ի նախկին ղեկավարի եւ նրա սիրուհիների հետ կապված սկանդալում, Քաբուլ է վերադարձել եւ կրկին Աֆղանստանում Անվտանգության աջակցության միջազգային ուժերի հրամանատարն է (ISAF), հայտնում է  AP-ն:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լեոն Պանետան սկանդալի պատճառով հետաձգել էր Ալենին Եվրոպայում ԱՄՆ-ի Միավորված զինված ուժերի հրամանատար նշանակելը

Հիշեցնենք, որ լրատվամիջոցները բացահայտել էին Ալենի մասնակցությունը սկանդալին, որը հանգեցրել էր ԿՀՎ-ի տնօրեն Դեւիդ Պետրեուսի հրաժարականին: Վերջինս պաշտոնից հեռացել էր նախորդ շաբաթ, երբ պարզվել էր, որ ԿՀՎ-ի 59-ամյա ղեկավարը սիրավեպ է ունեցել իր կենսագիր լրագրողուհի Պոլա Բրոդուելի հետ: Նրանց հարաբերությունները դարձել էին ՀԴԲ-ի հետաքննության առարկա Ջիլ Քելիի բողոքից հետո,  որն աշխատում է ԱՄՆ-ի ռազմակայաններից մեկում: Քելին ՀԴԲ-ին հայտնել էր, որ մի քանի էլեկտրոնային նամակներ էր ստացել խանդոտ Բրոդուելի սպառնալիքներով: Հետաքննության ընթացքում պարզվել էր, որ 2010-2012 թթ. Ալենը նամակագրություն է ունեցել Քելիի հետ, իսկ նամակագրությունը «հեռախոսով սեքս» է հիշեցրել: