Սահմանադրությունում նշված է, որ խորհրդարանական փոքրամասնությունը, 44 պատգամավորի ստորագրություն հավաքելով, արտահերթ նիստ գումարելու իրավունք ունի: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 21-ին, լրագրողների հետ զրույցում հայտնել է խորհրդարանի ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝ նշելով, որ այսօր իրենք խմբակցության նիստում քննարկել են այդ հարցը:

 «Սա Սահմանադրության դրույթներից է, սակայն  վիճելի հարց է առկա, որը պետք է քննարկենք: Եթե պարզվի, որ հակասահմանադրական գործողություններ կան, ապա կդիմենք Սահմանադրական դատարան: Բայց այս պահին մենք որոշում եւ իրավաբանական եզրակացություն չունենք», -  նշել է  Մանուկյանը:

Բացի այդ, Մանուկյանի խոսքով, խորհրդարանական ՀՅԴ խմբակցությունը մտադիր է արտահերթ նիստի տապալման հարցով դիմել Էթիկայի հանձնաժողով:

Նշենք, այսօր ՀԱԿ-ի նախաձեռնած ԱԺ արտահերթ նիստը չկայացավ: Կանոնադրությամբ սահմանված երեք ժամվա ընթացքում բավարար թվով պատգամավորներ չէին գրանցվել: