Նոյեմբերի 21-ին Ծաղկաձորում կմեկնարկի լրագրողների համար ուսուցողական  սեմինար, որի  ընթացքում  կքննարկվեն  ընտրություններում ԶԼՄ-ների դերը, ընտրությունների անաչառ եւ որակյալ լուսաբանման կարեւորությունը եւ էլեկտրոնային լրատվամիջոցների ու սոցիալական ցանցերի միջոցով ընտրողներին ներգրավելու մեթոդները:

Երկօրյա սեմինարը կազմակերպել են ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը եւ Մամուլի աջակցության «Ինտերնյուս» հասարակական կազմակերպությունը` Եվրամիության ֆինանսական աջակցությամբ:

Միջոցառման նպատակն է լրագրողներին զինել մուլտիմեդիա գործիքների եւ  սոցիալական ցանցերի օգտագործման հմտություններով` 2013թ. փետրվարին կայանալիք նախագահական ընտրությունների լուսաբանման համար, ինչպես նաեւ  հզորացնել լրագրողների կարողությունները` վերլուծելու եւ հետեւողականորեն  լուսաբանելու ընտրական գործընթացների վերաբերյալ  քաղաքացիների մտահոգությունները:

«Ազատ եւ արդար ընտրությունները զուտ քվեարկությունը չէ, այլ նաեւ լրատվամիջոցների կողմից թեկնածուների, կուսակցությունների, քաղաքական ծրագրերի եւ բուն ընտրական գործընթացի վերաբերյալ լիարժեք տեղեկատվության  ներկայացումն է, որպեսզի ընտրողները կարողանան կատարել  գիտակից ընտրություն։ Դրա համար ընտրական գործընթացում չափազանց կարեւորվում է լրագրողների դերը, եւ այս ծրագիրը նպատակ ունի ամրապնդելու այն»,- նշեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի դեսպան Անդրեյ Սորոկինը:

«Լուսաբանումը մուլտիմեդիա միջավայրում հեշտ չէ: Անհրաժեշտ է գործել արագ եւ նորարարական սկզբունքով` միեւնույն ժամանակ ապահովելով ճշգրիտ եւ փաստացի տեղեկատվություն եւ ներկայացնելով տարբեր տեսակետներ։ Հուսով եմ, որ այս ուսուցողական դասընթացը կօգնի ձեզ այդ գործում` խթանելով ձեր` ընտրություններ լուսաբանելու մասնագիտական կարողությունները», - նշեց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունից Մարյա Դաֆերնը:

Սեմինարի ընթացքում լրագրողները կքննարկեն  ընտրությունների ընթացքում մամուլի դերը, իրավունքներն ու պարտականությունները եւ կտեղեկանան ընտրական քարոզարշավի եւ ընտրության օրը հանրության հետ հաղորդակցվելու` առցանց եւ նոր մեդիա միջոցների օգտագործման սկզբունքների մասին: Մասնակիցները նաեւ կծանոթանան  ընտրական օրենսդրությանը եւ դանիացի մեդիա փորձագետի հետ կքննարկեն  ընտրական քարոզարշավի ընթացքում լրագրողներին հանդիպող խնդիրները:

Այս սեմինարը Հայաստանում միջազգային չափանիշներին համապատասխան ընտրական գործընթացների հզորացմանն ուղղված 1.7 միլիոն եվրո արժողությամբ ծրագրի մասն է, որն իրականացվում է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի կողմից` Եվրամիության ֆինանսական աջակցությամբ: