Հայաստանում կյանքի միջին տեւողությունը 2011 թ. կազմել է 74 տարի, տեղեկացնում ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը: Ընդ որում` կանանց կյանքի միջին տեւողությունը 77 է, տղամարդկանցը` 71: Համեմատության համար` Հայաստանում կյանքի միջին տեւողությունը 2006 թ. 73.3 էր: Ճգնաժամից հետո հայաստանցիները սկսել են ավելի երկար ապրել:

Կյանքի միջին տեւողությամբ Հայաստանն առաջատար է ԱՊՀ երկրներում: Բացի Ադրբեջանից, որ նույնպես ունի կյանքի 74 տարվա միջին տեւողություն, մնացած երկրներում ցուցանիշը զգալիորեն ցածր է: Այսպես` Ռուսաստանում եւ Ուկրաինայում այն 69 է, Բելառուսում` 71, Ուզբեկստանում` 67, Թուրքմենստանում` 63:

Զարգացած երկրներում, որպես կանոն, կյանքի միջին տեւողությունը գերազանցում է 74 տարին: Երկարակյացների ցուցակը գլխավորում է Ճապոնիան` 83 տարի: Շվեդիայում եւ Ֆրանսիայում կյանքի միջին տեւողությունը 82 է, Իտալիայում եւ Կանադայում` 81, ԱՄՆ-ում` 78, Թուրքիայում` 73, Վրաստանում` 74: