Անընդունելի է, որ խորհրդարանական մեծամասնությունը, օգտագործելով ճնշող մեծամասնություն լինելու հանգամքանը, Ազգային ժողովում ներկայացված քաղաքական մյուս ուժերին հնարավորություն չի ընձեռում առաջադրել կարեւորագույն հարցեր՝ կապված նախագահական ընտրությունների նախաշեմին Ընտրական օրենսգրքում անհրաժեշտ փոփոխությունների հետ: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 21-ին, Հայաստանի խորհրդարանի շենքի դիմաց հանրահավաքում հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության անդամ Վարդան Օսկանյանը:
Ըստ նրա՝ մի կողմից դա օրենքի եւ Սահմանադրության խախտում է, մյուս կողմից էլ՝ այն բանի վկայությունը, որ իշխող կուսակցությունը լուրջ մտահոգված եւ վախեցած է, որ նախագահական ընտրությունների արդյունքներով իրենց կթելադրվի ժողովրդի կամքը, եւ Հայաստանում կարող է ժողովրդի կամքով ընտրված իշխանություն հաստատվել: «Քաղաքական ուժերի միջեւ քաղաքական խորհրդակցություններ են անցկացվում, եւ մեր համագործակցությունը շարունակվում է: Քաղաքական ուժերի միջեւ ձեւավորվել են հետագա գործողությունների ընդհանուր մոտեցումներ: Ուզում եմ հույս հայտնել, որ քաղաքական դաշտում, նախքան նախագահի թեկնածուների առաջադրումը, մենք կարող ենք քաղաքական միասնական օրակարգ ձեւավորել, որում կլինեն ժողովրդի կամքն արտահայտող մոտեցումներ:
Հուսով եմ, քաղաքական այդ օրակարգը ժողովրդին կհամախբի քաղաքական ուժերի շուրջ՝ վստահ լինելով, որ նախագահական ընտրություններից հետո մենք համատեղ ջանքերով կարող ենք փոփոխություններ կատարել երկրում, եւ ժողովուրդը շատ կարճ ժամանակ անց կզգա այդ փոփոխությունները:
Օսկանյանը նաեւ կարծիք է հայտնել, որ քաղաքական ուժերը կմիավորվեն եւ, հնարավոր է, նախագահական ընտրություններին մասնակցեն միասնական թեկնածուով:




























