Խորհրդարանի արտահերթ նիստի տապալումը ՀՀԿ-ի բացարձակ անպատասխանատվության դրսեւորում է եւ խռովություն է պետականության դեմ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը:
Նրա խոսքով՝ այսօրվա նիստից բացակայող պատգամավորներից շատերը չեն էլ պատկերացնում, որ օրենք են խախտում, մասնավորապես՝ խորհրդարանի կանոնակարգը. «Կանոնակարգի համաձայն՝ նրանք պարտավոր էին գալ եւ գրանցվել: Իր այդ քայլով քաղաքական մեծամասնությունը բացահայտ, հրապարակավ անհարգալից վերաբերմունք ցույց տվեց երկրի օրենսդիր մարմնին: Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ խռովություն պետականության դեմ: Նրանք կարող էին մասնակցել նիստին, մանավանդ որ, խորհրդարանական մեծամասնություն լինելով, կարող էին տապալել քվեարկությունը, տապալել օրինագիծը: Ինչից են վախենում, անհայտ է»:
Նշենք, որ այսօր ՀԱԿ-ի նախաձեռնած ԱԺ արտահերթ նիստը չկայացավ: Կանոնադրությամբ սահմանված երեք ժամվա ընթացքում բավարար թվով պատգամավորներ չէին գրանցվել:




























