Վրաստանում արդարության վերականգնումը պետք է սկսվի նախկին նախագահ Էդուարդ Շեւարդնաձեին դատարանի առաջ կանգնեցնելով: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 21-ին, մամուլի ասուլիսում հայտարարել է Վրաստանի «Ազգայիններ» հասարակական շարժման առաջնորդներից մեկը՝ Սանդրո Բրեգաձեն:
Նրա խոսքով, երկրում գոյություն ունեն մարդիկ, որոնք իրականում քաղբանտարկյալներ են եւ անհասկանալի է, թե ինչու անհապաղ չեն վերանայվում նրանց գործերը:
«Օրինակ, Շեւարդնաձեի դեմ ահաբեկչություն իրականացրած 4 հայրենասեր տղաները, որոնք արդեն տարիներ է, ինչ նստած են բանտում միայն այն բանի համար, որ ցանկացել են կասեցնել «Մխեդրիոնիի» մոլեգնությունը: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ Շեւարդնաձեի դեմ ուղղված ահաբեկչությունը զինվորական գործողություն էր, որին մասնակցել են բազմաթիվ մարդիկ: Կարծում եմ, որ ոչ թե նրանք պետք է լինեն բանտում, այլ՝ Շեւարդնաձեն: Երկրում արդարության վերականգնումը պետք է սկսել Շեւարդնաձեին՝ Սահակաշվիլիի բարձրաստիճան պաշտոնյաների հետ միասին դատարանի առաջ կանգնեցնելը,- հայտարարել է Բրեգաձեն:
Միաժամանակ, նրա կարծիքով, վերջին շրջանի բոլոր կալանավորումները իրականացվում են օրենքի շրջանակներում:
«Ամեն բան տեղի է ունենում օրենքով, սա քաղաքական հետապնդում չէ, հակառակը, ամեն ինչ կատարվում է առավելագույնս հումանիստաբար: Բնակչությունը նոր իշխանություններից ակնկալում է արդարության վերականգնում եւ մենք հումանիզմի օրինակ պետք է ցույց տանք»,-հայտարարել է Բրեգաձեն:
«Ազգայիններ» շարժումը հիմնել են Վրաստանի նախկին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի կողմնակիցները: Հուլիսին այն միացել է ընդդիմադիր «Վրացական երազանք» կոալիցիային եւ աշխատել է Արեւմտյան Վրաստանում՝ ընդդիմության մոբիլիզացիայի համար:




























