Ռուսաստանում YouTube տեսահոսթինգը կրկին լեգալ է դարձել. նրա հասցեն հեռացվել է արգելված ինտերնետ ռեսուրսների ռեեստրից: Այս մասին նշված է ռեեստրի պաշտոնական կայքում:

«Ռոսկոմնադզոր»-ում նշել են, որ YouTube-ի վարչակազմն արդեն հեռացրել է անցանկալի ողջ տեղեկատվությունը: «Ոչ ցանկալի տեղեկատվությունը հեռացվել է, կայքի հասցեն որոշ ժամանակ հայտնվել է արգելված ինտերնետ ռեսուրսների ռեեստրում՝ տեխնիկական խափանման պատճառով, սակայն ժամը 17-ին մենք ռեեստրից հեռացրել ենք այն»,-ասել է «Ռոսկոմնադզորի» ներկայացուցիչը:

Ավելի վաղ հայտն էր դարձել, որ YouTube.com կայքի հասցեն «Ռոսպոտրեբնադզորի» պահանջով նոյեմբերի 14-ին հայտնվել էր արգելված ինտերնետ ռեսուրսների ռեեստրում: Ավելի ուշ «Ռոսկոմնադզորից» հստակեցրել են, որ «սեւ ցուցակում» է հայտնվոլ ոչ թե ողջ հոսթինգը, այլ նրա որոշ էջեր:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 1-ից ուժի մեջ է մտել «Երեխաների առողջությանն ու զարգացմանը վնասող տեղեկատվությունից նրանց պաշտպանելու մասին» օրենքը, որն անվանում են կայքերի «սեւ ցուցակի» մասին օրենքը: Օրենքի համաձայն մոնիթորինգ է կատարվում կայքերի շրջանում եւ արգելք դրվում դրանց վրա, եթե դրանցում երեխաների համար վտանգավոր բովանդակություն են հայտնաբերում: