Սիբիրախտի վարակման պատճառով այժմ երեք մարդ գտնվում է Մարտունու հիվանդանոցում, երկուսն արդեն դուրս է գրվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Առողջապահության նախարարության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետ Լիանա Թորոսյանը:
Հոսպիտալացված հիվանդների վիճակը լավ է, ստանում են բուժում, առկա է դրական տեղաշարժ, եւ շուտով նրանք եւս դուրս կգրվեն:
«Սիբիրախտի վարակի մարման միտում է նկատվում, այս մեկ շաբաթվա ընթացքում որեւէ նոր դեպք չի հայտնաբերվել: Հետազոտության մեջ գտնվող նմուշներ չկան»,- ասաց Լիանա Թորոսյանը:
Նա նշեց, որ սիբիրյան խոցի հետ կապված առաջին ահազանգը ստանալուց հետո` հոկտեմբերի 16-ից մինչ օրս, սիբիրյան խոցի 10 լաբորատոր հաստատված դեպք է եղել եւ եւս 8 «թույլ դրական դեպքեր»: «Թույլ դրական դեպքն այն է, որ այդ հիվանդների վերքերը գրեթե 3 շաբաթվա էին, եւ նրանք արդեն միջոցներ էին ձեռնարկել` հակաբիոտիկներ, թրջոցներ, քսուքներ, ինչի արդյունքում վերքը լավացման փուլում է գտնվում»,- ասաց նա:
Լիանա Թորոսյանը վստահեցրեց, որ ահազանգեր ստանալուն պես մեկնել են մարզեր, միջոցառումներ, քննարկումներ են կազմակերպել, ձեւավորվել են խմբեր, իրականացվել է իրավիճակի վերլուծություն եւ դրանից բխող միջոցառումներ: «Առողջապահության նախարարության կողմից արվել են համաճարակաբանական հետազոտություններ, լաբորատոր հետազոտություններ: Հայտնաբերված հիվանդները հոսպիտալացվել են, կազմակերպվել է բուժումը»,- ասաց նա: Դեռեւս Վարդենիսի գրեթե մեկ տասնյակ համայնքներում իրականացվում է բակային հսկողություն: Լիանա Թորոսյանը նշեց, որ «եթե նույնիսկ գոմում մեկ հանգած կենդանի է լինում, մարդիկ ահազանգում են եւ մասնագետները մեկնում են դեպքի վայր»:
Սիբիրյան խոցի դեպքերը հիմնականում արձանագրվել են Գեղարքունիքի եւ Արագածոտնի մարզերում: Խոսքը բնակչության շրջանում արձանագրված դեպքերի մասին է:Կան բազմաթիվ դեպքեր, երբ միայն կենդանիների մոտ է արձանագրվել վարակը եւ չի փոխանցվել մարդուն:
Լիանա Թորոսյանը մեկ անգամ եւս կոչ է անում բնակչությանը` պատահական վայրերից միս, մսամթերք չգնել, օգտվել խանութներից, որտեղ կան համապատասխան պայմաններ սննդամթերքը պահպանելու համար, առկա է կենդանու առողջ լինելու մասին վկայական:
Նշենք, որ սիբիրյան խոցն առաջանում է կենդանիների հետ շփման հետեւանքով, վարակվում են հիվանդ կենդանուց կամ դրա մսամթերքի օգտագործումից: Այս հիվանդության դեպքում մարդը մարդուց չի վարակվում: Հիվանդության ախտանշաններն են մաշկի վերքերի առաջացումը, ջերմությունը:




























