Հնդկաստանի ամենաազդեցիկ հարուստներից մեկը՝ Գուրդիլ Սինգհ Չադհային անցած հանգստյան օրերին գնդակահարել է հարազատ եղբայրը: Նա Հնդկաստանի ամենախիտ բնակեցված նահանգում՝ Ուտար Պրադեշում, վերահսկում էր ալկոհոլի շուկայի 80 տոկոսը, հաղորդում է «Ռոսբալտը»:

Միլիարդատիրոջ մահվան հանգամանքները մինչ օրս գաղտնի են պահվում: Ամենայն հավանականությամբ, 55-ամյա բիզնեսմենն անշարժ գույքի հետ կապված անհամաձայնություններ է ունեցել կրտսեր եղբոր հետ: Եղբայրները հարաբերություններ են պարզել քաղաքից դուրս գտնվող առանձնատանը, որը շատ արագ վերաճել է փոխհրաձգության:

Երկու շաբաթ առաջ Չադհան՝ 36 թիկնապահների ուղեկցությամբ հանդիպել է Դելիի ոստիկանության ղեկավար Նիրաջեմ Կումարին եւ խնդրել լրացուցիչ պաշտպանություն հատկացնել իրեն:

Չադհայի բիզնես կայսրությունը գնահատվում է 10 մլրդ դոլար: Չադհայի ընտանիքին են պատկանում նաեւ առեւտրի կենտրոններ, շաքարի գործարաններ: Չադհան նաեւ ներդրումներ էր անում բոլիվուդյան ֆիլմերի արտադրության մեջ: