Մոնղոլիան դարձել է Եվևոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) 57-րդ անդամը: Ասյ մասին ասվում է ԵԱՀԿ գործող նախագահ, Իռլանդիայի ԱԳ նախարար Էյմոն Գիլմորի՝ այսօր տարածած հայտարարությունում:

Նրա խոսքով, համապատասխան որոշումը հավանության է արժանացել ԵԱՀԿ անդամ բոլոր երկրների կողմից:

«Երկար տարիների ընթացքում Մոնղոլիան եղել է ԵԱՀԿ-ի ասիական գործընկերը: ԵԱՀԿ-ին միանալու Մոնղոլիայի որոշմամբ ընդգծվում է այն աշխատանքի կարեւորությունը, որը կազմակերպությունն իրականացնում է՝ եվրատլանտյան տարածքում եւ եվրասիական տարածաշրջանում զբաղվելով տրանսազգային անվտանգության ոլորտում շատ խնդիրների լուծմամբ»,-հայտարարել է ԵԱՀԿ նախագահը:

Մոնղոլիայի պատվիրակությունը լիիրավ մասնակցություն կունենա ԵԱՀԿ-ի ԱԳ նախարարների դեկտեմբերի 6-ին Դուբլինում կայանալիք նստաշրջանին:

Հիշեցնենք, որ Մոնղոլիայի՝ ԵԱՀԿ-ին անդամակցելու հարցը քննարկվել է դեռեւս ԵԱՀԿ ԱԳ նախարարների նախորդ նիստում, 2011-ի դեկտեմբերին: