Իսրայելն ու ՀԱՄԱՍ շարժումը պայմանավորվել են հրադադար հաստատել: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 21-ի երեկոյան, հայտարարել է Եգիպտոսի ԱԳ նախարար Մոհամեդ Ամրը, հաղորդում են միջազգային լրատվամիջոցները: Տեղեկությունը, որ այդ մասին պաշտոնական հայտարարությունը պետք է անի ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, չի հաստատվել, սակայն նա ներկա է եղել Կահիրեում հրավիրված մամուլի ասուլիսին:

Համաձայնությունն ուժի մեջ է մտնում նոյեմբերի 21-ին, Երեւանի ժամանակով 23:00-ին (Կահիրեի ժամանակով՝ 19:00-ին): Համաձայնագրի այլ մանրամասներ ու պայմաններ հայտնի չեն:

Վաշինգթոնում ողջունել են Իսրայելի որոշումն՝ ընդունել Եգիպտոսի կողմից  հրադադարի առաջարկը, բայց կրկին հիշեցրել են, որ Իսրայելն արտաքին սպառնալիքներից պաշտպանվելու իրավունք ունի:

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն նշել է, որ հրադադարի մասին որոշումն ընդունել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ խորհրդակցելուց հետո:

Նեթանյահուի հայտարարությունում ասվում է, որ նա համաձայնել է «շանս տալ» եգիպտական պլանին՝ կայունացնելու եւ լիցքաթափելու մթնոլորտը, նախքան ուժային գործողությունների անհրաժեշտության քննարկումը:

Նոյեմբերի 20-ի երեկոյան արդեն հաղորդվել էր, որ Իսրայելն ու ՀԱԿԱՍ-ը նախատեսում են հրադադարի համաձայնագիր կնքել: Իսրայելի կառավարությունում ընդգծել են, որ իրենց անհրաժեշտ են պայմանավորվածությունների կատարման միջազգային երաշխիքներ, իսկ միայն Եգիպտոսի երաշխավորությունը քիչ է: Չի հստակեցվում, թե արդյոք իսրայելցիներն ստացե՞լ են լրացուցիչ երաշխիքներ, թե՝ ոչ:

Իսրայելի «Ամպամած սյուն» գործողությունը Գազայի հատվածում իրականացվում է նոյեմբերի 14-ից: Այդ ընթացքում ռմբակոծությունների հետեւանքով սպանվել է 140 մարդ պաղեստինյան կողմից եւ 5 մարդ՝ Իսրայելի կողմից: