«Հրապարակը» գրում է, թե Գագիկ Ծառուկյանը ոչ միայն չի մասնակցում ԱԺ աշխատանքներին, ԲՀԿ-ի նախաձեռնած կոնսուլտացիաներին, ՀԱԿ-ի երեկ հրավիրած ԱԺ նիստին, այլեւ չի ստորագրել արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնության տակ:
«Ինչպե՞ս են ՀԱԿ-ում վերաբերվում այդ հանգամանքին» մեր հարցին Լեւոն Զուրաբյանը երեկ ոչ մի կերպ չցանկացավ պատասխանել` ասաց, թե շատ զբաղված է, տեղ է գնում: Այնուհանդերձ, երբ լրագրողները շրջապատեցին նրան, մենք կրկին հարցրինք. ի՞նչ է կարծում` ԲՀԿ ֆրակցիայի ղեկավար Գագիկ Ծառուկյանը ՀՀԿ-ի հետ համահունչ նո՞ւյնպես բոյկոտում է արտահերթը` չմասնակցելով նիստին: «Ինքը նման հայտարարություն արե՞լ է. հարցն ուղղեք իրեն»,- պատասխանեց Լեւոն Զուրաբյանը:
Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ իր հոդվածում ասել էր, որ ՀՀԿ-ի՝ արտահերթին չմասնակցելը «գավառամտություն, ամբարտավանություն, զոռբայություն եւ տգիտություն» է, դա բոլորի՞ն է վերաբերում, թե՞ միայն ՀՀԿ-ին,- շարունակեցինք մենք: «Խոսքը քաղաքական որոշման մասին է. առանձին մարդիկ կարող են ցանկացած ֆրակցիայից եւ հարգելի պատճառով բացակայել. մեր մոտ էլ Ստեփան Դեմիրճյանն էր բացակայում, ես որեւէ մեկի բացակայության պատճառներն ստուգե՞լ եմ, որ իմանամ` ինչու չի եկել. խոսքը գնում է Հանրապետական կուսակցության որոշման մասին, որի մասին իրենք հրապարակավ հայտնել են»,- ասաց ՀԱԿ համակարգողը:




























