Տուլայում զենք արտահանող ձեռնարկության բարձրաստիճան աշխատակից է սպանվել։ Տղամարդու հրազենային վնասվածքով մարմինը հայտնաբերվել է նոյեմբերի 21-ի երեկոյան Կրասնոարմեյսկայա պողոտայում գտնվող խանութի մոտ: Չի բացառվում, որ սպանությունը կարող էր պատվիրված լինել: Հստակ երեւում է վարձու մարդասպանի ձեռագիրը:

Սպանվածը Մարզական-որսորդական զենքի կենտրոնական կոնստրուկտորական հետազոտական բյուրոյի գլխավոր կոսնտրուկտորի տեղակալ  Վյաչեսլավ Տրուխաչովն է: Բյուրոն զբաղվում է զենքերի արտահանմամբ, հայտնում է «Ինտերֆաքսը»:

Քննությունը սպանության մի շարք վարկածներ է դիտարկում։ Հիմնական վարկածներից է սպանվածի մասնագիտական գործունեությունը: Բացի այդ, վարկած կա, որ սպանությունը  կարող էր վրեժի հետեւանք լինել:

Մարդասպանն, ամենայն հավանականությամբ,  զոհին սպասել է վերջինիս աշխատավայրի մոտ եւ միայն մեկ կրակոց է արձակել` ձախ քունքին: Տղամարդն ստացած վնասվածքից տեղում  մահացել է: