ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Իսրայելի եւ պաղեստինյան գրոհայինների միջեւ հրադադարի մասին համաձայնագիրն անվանել է «քայլ անդունդի եզրից»։ Թել Ավիվից տեսակապով ելույթ ունենալով Անվտանգության խորհրդի անդամների առջեւ՝ նա հույս է հայտնել, որ հրադադարը կպահպանվի եւ կողմերի միջեւ հարաբերությունների բարելավման կհանգեցնի, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։

Լրատվամիջոցների հաղորդմամբ, կողմերից յուրաքանչյուրը հաշտությունն իր հաղթանակն է համարում։ Այս գիշեր Գազայի հազարավոր բնակիչներ փողոց են դուրս եկել՝ նշելու ձեռքբերումը, ամբոխը կաթվածահար է արել երթեւեկությունը։

Մինչդեռ իսրայելցի զինվորականները հայտնում են հրթիռային հարվածների մասին։ Հաշտություն կնքելուց հետո պայթյուն է որոտացել նաեւ անկլավում։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն արդեն հասցրել է սպառնալ, որ եթե հրադադարը խախտվի, պատասխանը կլինի «ռազմական լայնամասշտաբ գործողությունը»։

Գազայում Իսրայելի բանակի երկշաբաթյա գործողության հետեւանքով 160 մարդ է զոհվել, այդ թվում՝ 42 երեխա եւ 11 կին, 1200-ից ավելի պաղեստինցիներ են տուժել։ Իսրայելը հրետակոծման հետեւանքով հինգ զոհ է ունեցել, 200-ից ավելին տուժել են։

Իսրայելի եւ պաղեստինցի գրոհայինների միջեւ համաձայնության ձեռքբերման մասին հայտարարվել էր նոյեմբերի 21-ի երեկոյան։ Ժամը 23:00-ին ուժի մեջ մտած մարտական գործողությունները դադարեցնելու մասին համաձայնագիրը նաեւ Գազայի հատվածում սահմանային անցումները բացելու կետ է ներառում։