ԱՄՆ-ի Սան Խոսեի դատարանն Apple-ին պարտավորեցրել է Samsung-ին տրամադրել HTC-ի հետ կնքած արտոնագրային համաձայնագրի կրկնօրինակը: Նշվում է, որ փաստաթուղթը նախատեսված է միայն կորեական ընկերության փաստաբանների համար:

Samsung-ի փաստաբանները դատավորին համոզել են, որ համաձայնագրի ֆինանսական պայմանները թույլ են տալիս պարզել ամերիկյան ընկերության պատենտների իրական արժեքը: Այժմ Apple-ը փորձում է հասնել ԱՄՆ-ում  Samsung-ի սմարթֆոնների վաճառքի արգելքին՝ նշելով, որ մտավոր սեփականության իրավունքի խախտումն ընկերությանն «անհատուցելի վնաս» է պատճառել:

Կորեական ընկերությունը պատրաստ է սրացնել հակամարտությունը: Չորեքշաբթի օրը այն հայցում ներառել է նաեւ iPad-ի եւ iPad mini-ի նոր մոդելներում UMTS ստանդարտով տվյալների անլար փոխանցման հետ կապված երկու պատենտների խախտումը: