Հյուսիսային Կորեայի ռազմական հրամանատարությունը սպառնում է Դեղին ծովում գտնվող հարավկորեական Յոնպհենդո կղզու նոր հրետակոծում կազմակերպել՝ այնտեղ 2010թ. նոյեմբերին ԿԺԴՀ-ի հրետանային հարձակման զոհերի հիշատակին նվիրված միջոցառումների հետ կապված:

ԿԺԴՀ-ի հաղորդագրությունում զոհերի հիշատակի միջոցառումներն անվանվել են «ծիծաղելի ֆարս», գրում է «Ռոսբալտը»: Երկրի բանակի ներկայացուցիչն էլ հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան միայն ափսոսում է, որ 2010-ին կղզին «ամբողջությամբ ծովի հատակ չուղարկվեց», եւ հավելել, որ հյուսիսկորեացի զինվորները դա անելու հնարավորությունը բաց չեն թողնի, եթե հարավկորեացիները նոր սադրանք պատրաստեն: Կղզում 1,2 հազար մարդ է բնակվում:

2010թ. նոյեմբերին Դեղին ծովում՝ Յոնպհենդո կղզուց ոչ հեռու, որտեղով անցնում է  Հյուսիսային եւ Հարավային Կորեաների բաժանարար վիճելի գիծը, հարավկորեական զորքերի զորավարժանքները քիչ էր մնացել երկու երկրների միջեւ ռազմական հակամարտության հանգեցնեին:

Սեուլի տեղեկացմամբ, այն ժամանակ կղզին հյուսիսից հրետանային հարձակման էր ենթարկվել, հարավցիները պատասխան կրակ էին բացել: Հարավկորեացի երկու զինվորական  զոհվել, 17-ը վիրավորվել էին: