Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն այսօր՝ նոյեմբերի 22-ին, Կառավարության նիստում ներկայացրեց Էկոնոմիկայի նախարարության կողմից համակարգվող ոլորտների հարկային վճարումների հաշվետվությունը:
Հաշվետվությունը ներկայացվեց ըստ 4 խոշոր ոլորտների՝ մշակող արդյունաբերություն, մեծածախ եւ մանրածախ առեւտուր, տեղեկատվական տեխնոլոգիաներ, զբոսաշրջություն:
Ըստ Տ. Դավթյանի՝ առեւտրի ոլորտից հարկային մուտքերը 8 ամսում կազմել են 122 մլրդ դրամ (2011 թ. 110 մլրդ դրամի համեմատ, աճը՝ 10.9%), մշակող արդյունաբերությանը՝ 70 մլրդ դրամ (2011 թ. 57 մլրդ դրամի համեմատ), ՏՏ ոլորտինը՝ 3.3 մլրդ դրամ (2011 թ.՝ 2.7 մլրդ դրամի համեմատ, աճը 22.7% է), զբոսաշրջությանը՝ 972 մլն դրամ (2011 թ. 670 մլն դրամի համեմատ, աճը 45.1 % է)։
Այսպիսով, ըստ էկոնոմիկայի նախարարի, ամենախոշոր հարկատու ոլորտը առեւտուրն է։ Նշենք սակայն, որ Կառավարության պաշտոնական կայքէջում տեղադրված հաշվետվության մեջ պատկերն այլ է: Ըստ գրավոր հաշվետվության՝ առեւտրի ոլորտից հարկային մուտքերը կազմել են ոչ թե 122 մլրդ դրամ, այլ մոտ 60 մլրդ դրամ:





























